Նորություններ
Տպել

 Ալեքսանա Ղուզե քարանձավ Լեռնային Ղարաբաղի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումները բավական արժեքավոր արդյունքներ են գրանցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է,երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ: Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել:  Արշավախմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ քարանձավի այս տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների 95-98 տոկոսը կենդանիների մնացորդներ են: «Ամենահետաքրիր գտածոն մարդու ազդոսկրի մի մասնիկն էր, որը դեռ սպասում է իր խորը ուսումնասիրմանը, քանի որ շատ վատ է պահպանված, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից»,-ասաց նա:

 Եպիսկոպոսյանի խոսքով` 2015 թվականի պեղումների արդյունքում այդ նույն քարանձավից հնագետները հայտնաբերել են մարդու ատամ, որը պատկանել է է նեոլիթի ժամանակաշրջանին: «Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ ատամը 6,5 հազար տարվա վաղեմություն ունի և պատկանել է մեր նախնիներին: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին»,-ասաց արշավախմբի ղեկավարը, հավելելով, որ Ալեքսանա Ղուզեն այն բացառիկ քարանձավային համալիրներից է, որտեղ, կապված եղանակային բարենպաստ պայմանների հետ, կենսաբանորեն բավական լավ են պահպանվել գտածոները:

 Ալեքսանա Ղուզե քարանձավում պեղումները սկսվել են օգոստոսի 1-ին և ավարտվել օգոստոսի 15-ին: Տեղում աշխատել է հայ-լեհական արշավախումբը:

 Արշավախումբն ապագայում կհամալրվի նոր մասնագետներով, որպեսզի կատարվեն համապարփակ ուսումնասիրություններ։ Դրանք հնարավորություն կտան վերականգնելու քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող մանրամասներ, որոշակիացնել տարածքի բնապատկերը և այլն:

 

Սկզբնաղբյուրը՝ artsakhpress.am


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am