Նորություններ
Տպել

 

 Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս հայտնաբերվել է ուրարտական շրջանի դամբարան: Պեղումների մանրամասները ներկայացրել է պ.գ.դ., պրոֆեսոր, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Ըստ նրա՝ դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները կհամալրեն Մեծամորի ցուցադրությունը:

 Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոները  վերաբերում են մ.թ.ա. 7-րդ դարին, որը, ըստ հավանականության,  բարձրաստիճան անձնավորության խմբային թաղում է եղել: Եվ չնայած այն բանի, որ կմախքները խառնված են եղել իրար, այնուամենայնիվ հետազոտողներին հաջողվել է պարզել, որ այնտեղ 4 տղամարդ կա և մեկ կին: «Տղամարդը, երևում է, որ բարձրաստիճան անձ է, և միանշանակ է, որ գործ ունենք սոցիալական բարձր անձի թաղման արարողության հետ: Հայնաբերվել է նաև շքահանդեսային խեցեղեն: Այսինքն՝ մ.թ.ա. 7-րդ դարից Սևանի ավազանը դարձյալ կարևոր դեր է ունեցել Վանի թագավորության տնտեսական, քաղաքական կյանքում»,-նշել է Ա. Փիլիպոսյանը:

 Գտածոներից նա առանձնացրել է  երկաթից նիզակի և դաշույնի բեկորները, բրոնզե շիթը, ագաթից պատրաստած ուլունքահատիկները, ոսկյա ներդիրները, որոնց վրա զարդանախշեր են եղել: Փիլիպոսյանի խոսքով՝ դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին: Այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու  դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել: Աշոտ Փիլիպոսյանի փոխանցմամբ այժմ սկսվել է ոսկորները վերականգնելու աշխատանքները, իրար են միացվում նախ երկար ոսկորները՝ մարդկանց հասակը պարզելու համար, դրան կհաջորդի գանգի վերականգնումը, ինչն ամենաբարդն է, քանի որ գանգի ոսկորները փշրված են:

 «Ըստ էության՝ Ուրարտուի պատմամշակութային ամբողջ կյանքն ընկնում է բնագիտական նյութերի վրա, դամբարանը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, հավանաբար Արգիշտի երկրորդի կամ Հուսա երկրորդի ժամանակաշրջանն է, կարևոր դեր է ունեցել Վանի թագավորության կազմում, այն վերահսկել է դեպի Արցախ տանող ճանապարհը և, հավանաբար, նաև որոշակի դեր է ունեցել դեպի Սոթք, դեպի հարավ և դեպի հյուսիս՝ Սպահան տանող ճանապարհների վերահսկման համար, քանի որ այստեղ ոսկու հանքեր կային, և թագավորությունը շահագրգռված էր վերահսկելու համար»,-ասաց նա:

 Նշենք, որ պեղումները կվերսկսվեն մարտ ամսից:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am