Նորություններ
Տպել

 

 Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելն է։ 2005 թ.-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, ինչպես նաև մեծ թափ է ստացել Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Վերջին տարիներին հնագիտական պեղումներ են իրականացվում նաև Կարկառում, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի մոտակայքում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի և Ամարասի վանքի տարածքներում։

 Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը համառոտ ներկայացրել է Տիգրանակետի պեղումների արդյունքը: «Քանի որ հուշարձանը բազմաշերտ է, հետևաբար ամենահին գտածոները անտիկ շրջանի են, հայտնաբերվում են նաև միջնադարին վերաբերող առարկաներ` խեցեղեն, հնամարդաբանական նյութեր, մետաղադրամներ, տարբեր գործիքներ։ Գտածոների մեծ մասն ուսումնասիրվում է Երևանում, եվրոպական երկրներ է տեղափոխվում մարդաբանական նյութը։ Ուսումնասիրումից և վերականգնումից հետո պատմական Տիգրանակերտի գտածոների մի մասը մշտապես ցուցադրվում է հենց Տիգրանակերտի հնագիտական թանգարանում, մյուսները՝ պահվում են ՊՈԱԿ-ի ֆոնդերում և ներկայացվում են ժամանակավոր ցուցադրությունների ընթացքում»։

 Ազոխի քարանձավում պեղումներ են իրականացվել դեռևս խորհրդային տարիներին։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որը թույլ է տալիս ուսումնասիրել հնագույն ժամանակներում մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ է կատարել Ազոխի քարանձավում։ Հայտնաբերվել են չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան դարաշրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների մնացորդներ։ Ազոխի քարանձավի գտածոները Եվրոպայում ուսումնասիրվելուց հետո վերադարձվում և համալրում են Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը։ Այդ գտածոների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատմական այս տարածքում մարդիկ ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Ազոխի քարանձավի գտածոները ցուցադրվում են արցախյան տարբեր թանգարաններում, ժամանակավոր ցուցադրությամբ՝ նաև ՊՈԱԿ-ի շենքում։

 Ըստ Նժդեհ Երանյանի Արցախի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են Արցախի հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ։ Այս տարի ևս պեղումները շարունակվելու են Տիգրանակերտում, Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։ 2016թ.-ի վերջին Նոր Կարմիրավանում հայտնաբերվել են մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող մարդակերպ կոթողներ։

 «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը հույս հայտնեց, որ այս տարի կկարողանան շարունակել նաև Ազոխի քարանձավի ուսումնասիրությունը։

 Տիգրանակերտում և Նոր Կարմիրավանում կաշխատեն տեղական, իսկ Ազոխի քարանձավում` միջազգային արշավախմբերը:

                                                                                   Աղբյուրը՝ hushardzan.am

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am