Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով - 7-րդ հազարամյակի սկզբով: Իսկ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները:
«2017 թ. ֆունդամենտալ հետազոտությունների ժամանակ փայլուն արդյունք ունեցանք: Խոսքն այն մասին է, որ առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով - 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»,- նշեց Պավել Ավետիսյանը:
Ըստ նրա՝ սա 2017թ. ամենաերևելի փաստագրումն է: Այժմ 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:
«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- հայտնեց նա:
Պավել Ավետիսյանի խոսքով՝ հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պետության կողմից պահվի:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերվել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել:
Աղբյուրը՝ tert.am
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`